Զարուհի Բահրի . Հայ որբուկների մայրն ու երազային Հայաստանի դուստրը
«Ոսփորին ափերուն վրայ», «Տայան Գեւորգ պեյ կամ պատրիարքարանին փողոցին բնակիչները», «Խավարին մեջ», «Տագրը», «Փառանձեմ», «Լուիզիթ», «Ամպրոպը»․ սրանք արևմտահայ գրականության՝ մեզ անծանոթ, մեր դասագրքերից և լուսանցքներից դուրս մնացած վեպեր են։
Պոլսահայ կանանց հատուկ զուսպ դիմագծերով ու իշխանական կեցվածքով, արևմտյան ոճով հարդարված մազերով ու ընտանեկան լուսանկարներում ժպիտը խնայող․․․ Դարձյալ զուսպ, բայց անչափ կայուն այդ գրիչը՝ Զարուհի Բահրին․․․ Եվ այդ ի՞նչ պիտի սովորեցնեին չմոռանալ նրա մոռացված վեպերը սերունդներին։
1880-ին Պոլսում է լույս աշխարհ եկել Զարուհի Շահբազը։ Բահրիների տոհմից հայտնի փաստաբան ամուսնու հետ միությունից հետո ժառանգեց նաև նրա ազգանունը։
Բահրիի բոլոր վեպերը ծայրահեղ մարդակենտրոն և ծայրահեղ կանացի են՝ լի սիրով ու կարեկցանքով, զգացմունքով ու տխրությամբ, որը բաժինն էր այդ տարիներին ապրող, մտածող ու առավել ևս ստեղծագործող բոլոր կանանց։
Եվ իսկապես՝ ամենաանկայուն և փոթորկոտ ժամանակներում Բահրին ստանձնեց այնքան պատասխանատվություն, որքան անհնարին կարող էր թվալ կանացի փափուկ սրտի համար, բայց պարտադիր իրեն արի համարող ու իր կարիքը զգացողներին տեսնող, զգացող կնոջ համար։ Նույնիսկ իր գրական փորձերը, որոնք Բահրին սկսել էր բավականին հասուն տարիքում, իր իսկ համոզմամբ, ոչ թե «մուսայի» կանչն էին, այլ պարտք՝ իր տեսածի, ապրածի ու զգացածի մասին սերունդներին մոռացնել չտալու։ Պատահական չէ, որ նրա համայնքային ակտիվությունն ու մարդասիրական գործունեությունը մեծ թափով սկսվում է հենց Ադանայի հայերի ողբերգությունից հետո՝ 1909-ին։
Բացի հայ որբերի խնամքով զբաղվելուց Բահրին փորձել է նաև ձեռք մեկնել այն հայրենակիցներին, որոնք Օսմանյան քաղաքացի լինելով մասնակցություն էին ունենում նաև Բալկանյան արյունալի պատերազմին։
Ծանրագույն որոշումը կայացրածներից էր Բահրին։ Մնալ մահից հետո և սկսեց վերջից։ Գավառներից Պոլիս հասած, Եղեռնից մազապուրծ որբերի խնամքով էր զբաղվում հայրենի Պոլսում, ինչպես նաև, համահիմնադիրն էր հայկական Կարմիր Խաչի ստամբուլյան գրասենյակի, Հայ կանանց ասոցիացիայի անդամ։ Արդեն 1918-ին անձամբ գլխավորեց Կարմիր խաչի գրասենյակը, որը հայաշաւտ Շիշլի թաղամասում այդ տարիներին աներևակայելի ծառայություն էր մատուցում անդառնալի հարվածներ կրած համայնքին։ Եվ, իհարկե, Բահրին թղթակցում էր Հայկանուշ Մառքի հանրահայտ «Հայ կին» հանդեսին։ Եվ այս ամենը 1915-ին եղբոր՝ իրավաբան, խմբագիր և հրապարակախոս, հայ ականավոր հասարակական ու քաղաքական գործիչ Բարսեղ Շահբազի, ինչպես նաև քրոջ՝ Ադրինեի դաժան սպանություններից հետո։ Հայտնի է, որ Բարսեղ Շահբազը հենց ապրիլի 24-ի չարաբաստիկ գիշերը ձերբակալվածների շարքում էր և իր մահկանացուն կնքել է հավանաբար Խարբերդի մոտակայքում, իսկ քույրն անհայտացել է Ամասիա աքսորվելուց հետո։
Շատ պոլսահայերի պես Բահրիները լքեցին քաղաքը միայն 1920-21 թվականներին՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած ազգայնական շարժման հետևանքով, որը թուրքական պատմագրության մեջ հայտնի է որպես «Փրկության պատերազմ»։ Զարուհի Բահրին հենց այդ ժամանակահատվածում անձամբ Պոլսո Հայոց պատրիարքի խնդրանքով գլխավորել է ցեղասպանության ժամանակ որբացած և բռնի ուծացման ենթարկված հայ երեխաների համար ապաստան ու կրթարան ծառայող «Չեզոք տունը»։ Անթիվ հայ որբեր, որոնք ենթարկվել են անպատմելի բռնությունների, իսլամացման և լեզվական ուծացման, պատրիարքարանի հոգածությամբ գավառներից հավաքվում ու հասնում են Պոլիս։ Անասելի ջանքեր և ռեսուրսներ պահանջող աշխատանք և մի կին՝ այս ամենն իր փխրուն ուսերին շալակած։
Կարճ ժամանակ անց Բահրիին թուրքական իշխանությունները մեղադրում են «թուրք երեխաներին հայացնելու» համար և քաղաքական հետապնդման ենթարկում։ Այս ամենից հետո միայն Բահրիների գերդաստանը, մի քանի կանգառներ փոխելով, ի վերջո, 1928 թվականին հաստատվում է Ֆրանսիայում:
Անհավանական կարող է թվալ, բայց մինչև այդ նորից վերջին փորձն են կատարում Բահրիները հայրենի Պոլիս վերադառնալու, հավատալով, թե կկարողանան նորից տուն դառնալ, սակայն թուրքական իշխանությունների արգելքի պատճառով այդպես էլ չեն կարողանում մուտք գործել երկիր ու վերջնականապես հաստատվում են Փարիզում։
Ամբողջովին ունեզրկված մեծ ընտանիքը չորս երեխաների հետ շարունակում է կյանքն այստեղ, նյութական խնդիրների պատճառով որոշ ժամանակ անց Զարուհի Բահրին դադարեցնում է թղթակցությունը «Հայ կին» հանդեսին, սակայն հետագայում շարունակ փորձում է վերարտադրել իր հուշերը, վեպեր կամ առնվազն մեմուարներ գրել, ակտիվ համայնքային կյանք է վարում նաև Ֆրանսիայում։
Պոլսում հիմադրված և Փարիզում Զարուհի Բահրիի անձնական մեծ ջանքերով վերահիմնված «Դպրոցասեր» վարժարանը մինչև օրս իր հովանու տակ է պահում նրա թոռնիկներից Ժակ Բահրին։
Զարուհի Բահրին երբեք չքննարկեց, չքննադատեց հայրենիքը, երբեք չնեղացավ նրանից։ Նույնիսկ ունեզուրկ, նույնիսկ հարազատներին կորցրած, նույնիսկ դավաճանված օրերին երբեք չգրեց ու չգոռաց՝ «հանուն ինչի», այլ գործեց ու ապրեց հանուն ազգայինի ։ Ծառայեց մինչև վերջ, և թուրքացված հայ որբին, Բալկաններում օսմանյան ուսադիր կրող հայ սպային, համայնքին ու համայնքից դուրս մնացածին չհարցրեց՝ «ուր էիք», այլ եղավ այնտեղ, ուր նրա կարիքը կար։ Երբեք համեմատություն չարեց տառապածների ու ավելի տառապյալների միջև, երբեք չդադարեց ձեռք մեկնել ու ձեռք փնտրել։ Եվ երբեք այնքան չգնահատվեց, որքան արժանի էր։ Նրա վեպերն իսկապես լուսանցներից դուրս մնացին, նրա զուսպ, բայց կայուն ֆեմինիզմը, որը չէր գոռում, բայց կարմիր գծի պես անցնում էր բոլոր այդ վեպերի առանցքներով, երբեք այդքան բուռն չքննարկվեց ու գրեթե չհիշվեց։
Տեսնես՝ ինչո՞ւ․․․
Բայց ամենաապշեցուցիչն ու ամենահուզիչը, թերևս, նրա աներևակայելի կապվածությունն ու նվիրումն էր Հայաստանին։ Զարուհի Շահբազ Բահրիի մասունքները նրա իսկ վերջին ցանկությամբ տեղափոխվում են Հայաստան, լեգենդար հայուհու հարազատները շաղ են տալիս դրանք․․․ Սևանա լճում․․․
Մինչև այդ մեծ հայուհու աճյունն ամփոփվել էր Փարիզում, իսկ շուրջ 30 տարի անց բերվել Հայաստան՝ չնայած բազմաթիվ արգելքներին։
«Փոքրիկ որդիս` ժիրայրս, իմ խեղճ թանկագին Ժիրայրը, հազիվ 15 տարեկան, այնքան էր ցանկանում կամավորել հայոց բանակում… Սակայն ինչպե՞ս: Հայաստանը շրջապատված էր թշնամիներով, նույնիսկ անկարող էր շնչել: …Սև քող էր իջնում մեր երկու տարվա ցնծության, էմոցիաների ու հույսի վրա… Հայրենիքը վտանգի մեջ չէր, այն մահի ճիրաններում էր», - «Կյանքիս վեպը» կոչված իր հուշագրությունում այսքան մայրաբար էր ցավում Բահրին՝ կարծես հենց Հայաստանն էր իր որդին և հակառակը։
Ընդամենը տարի առաջ Բահրի գերդաստանի շառավիղները Մատենադարանին են փոխանցել Զարուհի Բահրիի գրեթե ամբողջ արխիվը՝ ի սեր Հայաստանի և ի հիշատակ մեծ ու մարդասեր հայ կնոջ։
Սոֆյա Հակոբյան
Դիտումներ: 135
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։